«Ով հայ ժողովուրդ , քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»։
Եղիշե Չարենց («Պատգամ»)
«Գլոբալ Հայաստանը» նոր՝ ցանցային տիպի պետականության ձևավորման գաղափար է: Հայեցակարգը պատասխան է հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին և ուղի է հայության դերն աշխարհում բարձրացնելու համար։ Հայեցակարգն ունի գլոբալ (համաշխարհային) բնույթ, քանի որ միտված է միավորելու հայության բոլոր ներկայացուցիչները տարբեր աշխարհամասերից և տարբեր երկրներից՝ Հայաստանի Հանրապետության հզորացման ու բնակության երկրներում սփյուռքահայերի ազդեցության ընդլայնման նպատակով։
«Գլոբալ Հայաստանը» նոր մեկնությամբ «օվկիանոսից օվկիանոս Հայաստանի» տեսլականն է։
Հայաստանի Հանրապետությունը կենսունակ երկիր չէ, ներուժի և ռեսուրսների սակավությամբ պայմանավորված այն դատապարտված է ոչնչացման։ «Գլոբալ Հայաստանի» ձևավորման պարագայում Հայաստանի Հանրապետությունը պետականության պահպանման ու զարգացման համալիր գործիքակազմ է ստանում, ինչը երկրի հարատևության հենք է դառնալու։ Սակայն մինչ այդ Հայաստանի Հանրապետությանը բաժին է հասնում «Գլոբալ Հայաստանի» ձևավորման առանցքային կազմակերպչական աշխատանքը, հայության ինստիտուցիոնալ միավորման առաքելությունը։
Առանց համահայկական գործուն նախաձեռնությունների իրականացման Սփյուռքը դատապարտված է ուծացման։ «Գլոբալ Հայաստանի» Սփյուռքի հզորացման ու ազդեցության ընդլայնման հիմնաքարն է։ «Գլոբալ Հայաստան» հայեցակարգի կայացման համար Սփյուռքի հիմնական առաքելությունն է ինքնակազմակերպման գործուն մեխանիզմների ձևավորումը։ Սփյուռքում գործող հայկական հաստատությունները (եկեղեցի, կուսակցություններ, խմբակներ) և հայաստանյան ներկայացուցչությունները սերտ համագործակցությամբ ձևավորում են միասնականության օրակարգը։
Սփյուռքում հիմնվում են «Համահայկական խորհուրդներ»՝ որպես ազգային ինքնության պահպանման և ձեռնարկատիրության զարգացման դարբնոցներ։
Հայեցակարգի հիմնվում է 3 ռազմավարական առաքելության վրա՝ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ, ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅՈՒՆ («ՀԱԲ»), որ իրական դարման է հայության խնդիրների լուծման համար։
«Գլոբալ Հայաստան» հայեցակարգն ունի կազմակերպման երեք մասշտաբներ՝ հասարակական գործունեությունից մինչև մասնակցություն քաղաքական գործընթացներին։ Դրանք են՝
Հայեցակարգն իրականացվում է հասարակական ձևաչափով՝ ընդգրկելով առավելագույն թվով գաղափարակիցներ ու համակիրներ։
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ․
Պլան-մինիմումն իրականացվում է «Համահայկական կոնգրես» բարեգործական հասարակական կազմակերպության շրջանակներում։
Հայեցակարգն իրականացվում է պետական ինստիտուտների ու ազգային կառույցների հետ համագործակցությամբ և համատեղ ծրագրերով։
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ.
Պլան-օպտիմումն իրականացվելու է «Համահայկական կոնգրեսի» և գաղափարակից այլ հաստատությունների գործակցությամբ։
Հայեցակարգն իրականացվում է որպես պետական քաղաքականություն, այն դառնում Հայաստանի Հանրապետության զարգացման ռազմավարությունը։
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ, ԴԱՇԻՆՔ.
Պլան-մաքսիմումն իրականացվելու է «Գլոբալ Հայաստան» կուսակցության կազմակերպմամբ և Հայաստանում իշխող կամ կոալիցիոն ուժ դառնալով։
«Գլոբալ Հայաստանի» տեսլականի հիմքում ազգային արժեհամակարգի հստակ գիտակցությունն է, որը հստակ ներկայացված է խորհրդանիշների մեջ։
Հայկական արևախաչի սիմվոլիկայի տրամաբանական զարգացմամբ ձևավորվում է «Գլոբալ Հայաստանի» կամ Համահայկական դրոշը, որը միաժամանակ և՛ սուր է, և՛ խաչ։ Խորհրդանշում է և՛ մեր հավատը, և՛ հանուն ազգի մաքառելու պատրաստակամությունը։ Դրոշի հիմնական գույնը «որդան կարմիրն» է, որը ևս հայության խորհրդանիշներից է։
Հայկական արևախաչը, որպես հայության խորհրդանիշ, առավելագույնն է արտահայտում հայկական ինքնությունը։ Արևախաչը խորհրդանշում է և՛ ազգի հավերժությունը, և՛ հազարամյակների պատմությունը, և՛ ազգի արարչականությունը։ Դեպի աջ պտտվող արևախաչը «Գլոբալ Հայաստանի» կամ Համահայկական զինանշանն է։
«Գլոբալ Հայաստանի» կամ Համահայկական հիմնը «Քեզ համար, Հայաստան» երգն է։ Այն խորհրդանշում է աղետից հետո ոտքի կանգնող և զարգացող երկիրը, որի կողքին է ողջ աշխարհը։ Հեղինակն է Շառլ Ազնավուրը, ով իր գործունեությամբ դարձել է Հայաստանի և Սփյուռքի միասնականության խորհրդանիշներից մեկը։
«Գլոբալ Հայաստան» հայեցակարգի մշակումները իրականացվել են «Համահայկական կոնգրես» բարեգործական հասարակական կազմակերպության շրջանակներում․ հայեցակարգի նախնական հիմնադրույթներն առաջին անգամ ներկայացվել են 2019 թվականին։ Մինչ օրս հայեցակարգի շրջանակներում իրականացվել են հետևյալ նախագծերը․
«Գլոբալ Հայաստան» հայեցակարգի իրագործման համար գործող հայաստանյան ու համահայկական կառույցներից զատ անհրաժեշտ է ևս երեք նոր կառույց՝
Հայաստանի, Սփյուռքի, Հայոց եկեղեցու, համայնքների, կազմակերպությունների, կուսակցությունների, առանձին խմբերի ու անհատների միասնական նպատակների օրակարգն ապահովելու համար նախ անհրաժեշտ է ձևավորել համընդհանուր ինկյուզիվ խորհրդակցությունների, քննարկումների հարթակ։ Ժամանակակից տեղեկատվական ցանցային տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս հեշտության ձևավորելու այդպիսի պլատֆորմ՝ «Համահայկական ցանց», որի կիբերանվտանգությունն ու կառավարումը կստանձնի Հայաստանի Հանրապետությունը։
Համահայկական ցանցին (այն կլինի փակ ինտերնետային ռեսուրս) անհատական նույնականացմամբ անդամակցելով՝ հայորդին դառնում է «Գլոբալ Հայաստանի» ուղիղ ժողովրդավարական համակարգի մասնակից։ Խորհրդակցությունների հարթակի առկայությամբ ձևավորվում է «Համահայկական օրակարգը»՝ կարևորագույն խնդիրների ու դրանց կարգավորման լուծումների ցանկը։
Հայաստանի և Սփյուռքի միասնականությունն ու դրա ուղղությամբ ընթացող ամենօրյա գործնական աշխատանքը կապահովեն «Համահայկական խորհուրդները», որոնք կգործեն Հայաստանի կառավարության, տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններին, Հայաստանի դիվանագիտական ու հյուպատոսական ծառայություններին, Սփյուռքի հայկական կառույցներին, Հայոց եկեղեցուն կից։ Համահայկական խորհուրդները կլինեն այն օղակները, որտեղ կմշակվեն «Համահայկական օրակարգի» հարցերը, որտեղ հայ ազգի ներկայացուցիչները հնարավորություն կունենան հանդես գալու իրենց նախաձեռնություններով՝ թե՛ քաղաքական, թե՛ հասարակական, թե՛ տնտեսական և թե՛ ցանկացած այլ բնույթի։ Այս խորհուրդները կլինեն նաև հայապահպանության հենասյուն՝ հայոց պատմության, լեզվի, կրոնի պահպանման ու տարածման օղակներ։
Հայաստանի Հանրապետության խորհրդարանում կձևավորվի երկրորդ պալատ՝ Համահայկական սենատ, որում ներկայացված կլինեն Սփյուռքի Համահայկական խորհուրդների պատվիրակները։ Սենատում կքննարկվեն համահայկական նշանակություն ունեցող կարևորագույն խնդիրները, կառաջարկվեն լուծումներ, կմշակվեն օրինագծեր, կհաստատվեն «Համահայկական օրակարգի» հարցերը։
Սենատը կլինի խորհրդատվական մարմին Ազգային ժողովի համար ու խորհրդարանում հանդես կգա ուղերձներով ու օրենսդրական նախաձեռնություններով։
«Գլոբալ Հայաստան» հայեցակարգը հավակնում է լինել համահայկական զարգացման ուղենիշային ռազմավարություն, ուստի եթե ունեք հայեցակարգային դիտարկումներ, ներկայացրեք դրանք ստորև տեղադրված հայտով։ Մենք կուսումնասիրենք ներկայացված հայեցակարգային դիտարկումները և կկապնվենք Ձեզ հետ։