«Ով հայ ժողովուրդ , քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»։
Եղիշե Չարենց («Պատգամ»)
«Գլոբալ Հայաստանի» հայեցակարգը հայության միավորման հայեցակարգ է․ այն միտված է ապահովելու Հայաստանում և Սփյուռքում հայության միասնականությունը՝ «Համահայկական տերություն» ձևավորելու տեսլականով հանուն հայության զարգացման և բարգավաճման։ «Գլոբալ Հայաստանի» հայեցակարգը պատասխան է հայության առջև ծառացած մարտահրավերներին և ուղի է հայության դերն աշխարհում բարձրացնելու համար։
«Գլոբալ Հայաստանը» նոր տիպի պետականության գաղափար է․ պետականություն որ վեր է սահմաններից: Հայեցակարգն ունի գլոբալ (համաշխարհային) բնույթ, քանի որ միտված է միավորելու հայության բոլոր ներկայացուցիչները տարբեր աշխարհամասերից և տարբեր երկրներից։
«Գլոբալ Հայաստանը» նոր մեկնությամբ «օվկիանոսից օվկիանոս Հայաստանի» տեսլականն է։ Սահմանների բացակայությունը տալիս է հնարավորություն գործելու գլոբալ համատեքստում՝ պահպանելով ազգային միասնական շահը։
«Տերությունը» այն պետականությունն է, որը նշանակալի ազդեցություն ունի համաշխարհային գործընթացների վրա։ Համահայկական միասնականության ապահովման պարագայում մենք կունենանք ազդեցիկ միջազգային դերակատար դառնալու բոլոր հնարավորությունները։
Մոտեցումը հակիրճ հետևյալն է․ «Հայրենիքի հզորացում», «Բնակության երկրներում սփյուռքահայերի ազդեցության ընդլայնում»։ Այս կետերի իրագործման համար ևս առաջնային նախադրյալը միասնական նախաձեռնությունների իրագործումն է։
Հայաստանի Հանրապետությունը (ավելի ճիշտ՝ «երևանյան հանրապետությունը») կենսունակ երկիր չէ, ներուժի և ռեսուրսների սակավությամբ պայմանավորված այն դատապարտված է ոչնչացման։ «Համահայկական տերության» ձևավորման գործում Հայաստանի Հանրապետությանը բաժին է հասնում առանցքային կազմակերպչական աշխատանքը։
«Գլոբալ Հայաստանի» ձևավորման պարագայում Հայաստանի Հանրապետությունը պետականության պահպանման ու զարգացման համալիր գործիքակազմ է ստանում, ինչը երկրի հարատևության հենք է դառնալու։
Սփյուռքի հիմնական առաքելությունն է ինքնակազմակերպման գործուն մեխանիզմների ձևավորումը։ Սփյուռքում գործող հայկական հաստատությունները (եկեղեցի, կուսակցություններ, խմբակներ) և հայաստանյան ներկայացուցչությունները սերտ համագործակցությամբ ձևավորում են միասնականության հիմնաքարը։
Սփյուռքում հիմնվում են «Համահայկական նախաձեռնությունների կենտրոններ»՝ որպես ազգային ինքնության պահպանման և ձեռնարկատիրության զարգացման դարբնոցներ։
Հայաստանի Հանրապետությունն իր ներուժով շուրջ քսան անգամ զիջում է իր հարևաններին՝ Թուրքիային և Իրանին։ Ցամաքային պարփակվածությամբ, ռեսուրսների սակավությամբ և «բանանային տնտեսությամբ» Հայաստանը ոչ մի հնարավորություն չունի, սեփական ուժերի վրա ապավինելով, դառնալ տարածաշրջանային դերակատար։ Հայաստանը դատապարտված է լինելու այս կամ այն տերության միջազգային քաղաքականության օբյեկտը կամ աշխարհաքաղաքական ուժեր արբանյակը։
«Երևանյան հանրապետության» խնդիրները սկսվում են ազգային ինքնաճանաչման բացից, ինչը հստակ արտահայտվում է ազգային ոչինչ չնշանակող պետական խորհրդանիշների մեջ։
«Գլոբալ Հայաստանի» հայեցակարգը հնարավորություն է տալիս հայությանը «օբյեկտից» դառնալու աշխարհաքաղաքական «սուբյեկտ»։ Աշխարհասփյուռ հայության ներուժը զգալիորեն բարձր է Հայաստանի սուղ հնարավորություններից և կարող է լուրջ մրցակցություն ապահովել անգամ նույն Թուրքիայի ու Իրանի հետ։ Ամենակարևոր խնդիրը համահայկական ներուժի իրացման հարցն է, որի առաջին քայլը «Համահայկական նախաձեռնությունների կենտրոնների» ցանցի ձևավորումն է։
«Գլոբալ Հայաստանի» տեսլականի հիմքում ազգային արժեհամակարգի պատշաճ գիտակցությունն է, որը հստակ ներկայացնում է առաջարկվող խորհրդանիշների մեջ։
Հայաստանի զինանշանին պատկերված առյուծներն ու արծիվները հերալդիկայի ոլորտում ամենատարածված երևույթներ են, սակայն հայկականության հետ սկզբունքային նույնականացում չունեն, ուստի բովանդակազուրկ են։
Հայկական արևախաչը, որպես հայության խորհրդանիշ, առավելագույնն է արտահայտում հայկական ինքնությունը։ Արևախաչը խորհրդանշում է և՛ ազգի հավերժությունը, և՛ հազարամյակների պատմությունը, և՛ ազգի արարչականությունը։
Հայաստանի պետական խորհրդանիշներից առավելագույն ընկալվածություն ունի եռագույնը, սակայն «կարմիր, կապույտ, ծիրանագույն» երանգները կրկին հայկականության հետ հստակ առնչություն չունեն։ 1918 թվականին ընդունված այդ խորհրդանիշը զուտ պայմանական արագ ընդունված որոշում էր։
Հայկական արևախաչի սիմվոլիկայի տրամաբանական զարգացմամբ ձևավորվում է «Գլոբալ Հայաստանի» դրոշը, որը միաժամանակ և՛ սուր է, և՛ խաչ։ Խորհրդանշում է և՛ մեր հավատը, և՛ հանուն ազգի մաքառու պատրաստակամությունը։ Դրոշի հիմնական գույնը «որդան կարմիրն» է, որը ևս հայության խորհրդանիշներից է։
Հայաստանի Հանրապետության օրհներգը բացարձակ չի համապատասխանում ազգի էությանը։ Նախ Միքայել Նալբանդյանի կողմից գրված «Իտալացի աղջկա երգը» ստեղծագործությունը անտրամաբանական է, որ կարող է լինել Հայաստանի հիմնը։ Բովանդակային առումով ևս ՀՀ օրհներգը լուրջ խնդիրներ ունի թե՛ տեքստի, թե՛ երաժշտության մեջ։
«Համահայկական տերության» հիմնի լավագույն տարբերակը «Քեզ համար, Հայաստան» երգն է։ Այն խորհրդանշում է աղետից հետո ոտքի կանգնող և զարգացող երկիրը, որի կողքին է ողջ աշխարհը։ Խոսքերի հեղինակն է Շառլ Ազնավուրը, ով ևս իր ստեղծագործական գործունեության դարձել է Հայաստանի և Սփյուռքի միասնականության խորհրդանիշներից մեկը։
Հայաստանի, Սփյուռքի, Հայոց եկեղեցու, համայնքների, կազմակերպությունների, կուսակցությունների, առանձին խմբերի ու անհատների միասնական նպատակների օրակարգն ապահովելու համար նախ անհրաժեշտ է ձևավորել համընդհանուր ինկյուզիվ երկխոսության հարթակ։ Ժամանակակից տեղեկատվական ցանցային տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս հեշտության ձևավորելու երկխոսության հարթակ՝ «Համահայկական ցանց», որի կիբերանվտանգությունն ու կառավարումը կստանձնի Հայաստանի Հանրապետությունը։
Համահայկական ցանցին (այն կլինի փակ ինտերնետային ռեսուրս) անհատական նույնականացմամբ անդամակցելով՝ հայորդին դառնում է «Գլոբալ Հայաստանի» ուղիղ ժողովրդավարական համակարգի մասնակից։ Երկխոսության հարթակի առկայությամբ ձևավորվում է «Համահայկական օրակարգը»՝ կարևորագույն խնդիրների ու դրանց լուծման ճանապարհների ցանկը։
Հայաստանի և Սփյուռքի միասնականությունն ու դրա ուղղությամբ ընթացող ամենօրյա գործնական աշխատանքը կապահովեն «Համահայկական նախաձեռնությունների կենտրոնները», որոնք կգործեն Հայաստանի կառավարության, տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններին, Հայաստանի դիվանագիտական ու հյուպատոսական ծառայություններին, Սփյուռքի հայկական կառույցներին կից, Հայոց եկեղեցուն կից։ Համահայկական նախաձեռնությունների կենտրոնները կլինեն այն օղակները, որտեղ կմշակվեն Համահայկական օրակարգի հարցերը, որտեղ հայ ազգի ներկայացուցիչները հնարավորություն կունենան հանդես գալու իրենց նախաձեռնություններով՝ թե՛ քաղաքական, թե՛ հասարակական, թե՛ տնտեսական և թե՛ ցանկացած այլ բնույթի։ Այս կենտրոնները կլինեն նաև հայապահպանության հենասյուն՝ հայոց պատմության, լեզվի, կրոնի պահպանման ու տարածման օղակներ։
Համահայկական աշխարհաքաղաքականությունն այն երկարաժամկետ ռազմավարական ծրագիրն է, որ պետք է ուղենշի Հայաստանի ու հայության ապագան (ովքե՞ր ենք մենք և ու՞ր ենք ուզում հասնել), գլոբալ միտումներին համապատասխան հստակեցնի հայության դերն ու անելիքը։ Պետք է հրաժարվել «կցորդային» արտաքին քաղաքականությունից և հանդես գալ որպես համաշխարհային վերափոխումների դրոշակակիր։
Հայությունը կարող է դառնալ․
Այս համատեքստում պետք է նաև մշակել Արցախյան հակամարտության հայանպաստ լուծումն ու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման նոր ռազմավարությունը։
Համահայկական ցանկացած նախաձեռնություն իրագործելի է, եթե առկա է բավարար տնտեսական հենք։ Այստեղ է, որ օրակարգ է իջնում համահայկական տնտեսական ներուժի ընդլայնման հարցը։ Առաջնահերթ պետք է ՀՀ պետական քաղաքականությամբ հաղթահարել երկրի արտաքին առևտրաշրջանառության բացասական հաշվեկշիռը՝ ներդնելով «իմպորտափոխարինման» հատուկ քաղաքականություն։
Այն ամենն ինչ անհրաժեշտ է Հայաստանին ու հայությանը պետք է արտադրվի Հայաստանում կամ Հայկական սփյուռքում, այն պետք է առնչվի տնտեսության բոլոր ոլորտներին։ Մենք ոչ թե պետք է կենտրոնանանք միմյանց հետ մրցակցելու վրա, այլ պետք է միասնաբար մեր տեղը գրավենք համաշխարհային շուկայում, այնպիսի արտադրություն տանք ու այնպիսի ծառայություններ մատուցենք, որ մրցունակ լինենք համաշխարհային շուկայում։ Այսպես քայլ առ քայլ պետք է գրավենք նոր շուկաներ՝ ամեն կերպ նպաստելով հայկական կապիտալ ունեցող ընկերությունների զարգացմանը։ Այդ գործին պետք է կարողանանք ներգրավել բոլոր հայերին՝ ըստ իրենց ունակությունների ու հնարավորությունների։
Հասկանալի է, որ «Համահայկական օրակարգի» ամբողջական մշակումն ու իրագործումն ամենևին հեշտ չէ․ հայության բոլոր հատվածները պետք է ունենան հնարավորություն արտահայտելու իրենց դիրքորոշումը։
Միայն կարծիքների համադրությամբ մենք կկարողանանք ձևավորել Համահայկականության հայեցակարգի գործուն հիմքերը։ Եթե ունեք դիտարկումներ, առաջարկներ կամ նախաձեռնություններ, լրացրեք ներքևում տեղադրված հայտը․